ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՏԱՄՈ՞ՒՏ Է
Ինչ-ինչ, բայց մեր համաքաղաքացիներին չես զարմացնի այս կամ այն պետական կառույցի իրականացրած շոուներով։ Նորություն չէ, երբ լրատվամիջոցների ներկայությամբ որևէ պաշտոնյա ցուցումներ է տալիս իր ստորադասներին` պահանջելով դրանց կատարումը։ Բայց խնդրի լուծումը որոշ ժամանակ անց մոռացվում է «հեռավոր դարակներում»։
Վերջերս, իսկ ավելի ստույգ` հուլիսի 10-ին, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրատվամիջոցների ներկայությամբ հրատապ խորհրդակցություն էր հրավիրել` տեղացած սելավների պատճառով Մյասնիկյան պողոտայում, Աբովյան պուրակի տրանսպորտային գետնանցումում և Հերացի փողոցում առաջացած անանցանելիության (ջրահեռացման) խնդիրը լուծելու համար։ Իհարկե, սխալված կլինենք, եթե ասենք, որ խորհրդակցությանը ներկա էին միայն քաղաքապետարանին հաճո պատկան կառույցները, այստեղ էին նաև հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարները, որոնք պարբերաբար քննադատում են քաղաքապետարանի իրականացրած այս կամ այն աշխատանքը։ Ինչ խոսք, այն փաստը, որ քաղաքապետը չի խորշել քննադատական կարծիքներ լսելուց, կառուցողական մոտեցում կարելի է համարել, եթե, իհարկե, շոու չէ դա։ Դրանում համոզվելու համար փորձեցինք պարզել` կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս ժամանակահատվածում, մանավանդ որ խորհրդակցության օրը քաղաքապետը հանձնարարեց երկօրյա ժամկետում լուծումներ առաջարկել։ «Տեղացած սելավների հետևանքով, իսկապես, խնդիրները ջրի երես բարձրացան, և քաղաքապետն անմիջապես օպերատիվ քննարկման հրավիրեց բոլոր շահագրգիռ կողմերին։ ՀԿ-ների և գիտահետազոտական ինստիտուտների ընտրությունը պատահական չէր։ Վերջիններս բազմիցս վերհանել են առկա խնդիրը լրատվամիջոցներով։ Թեև քննարկմանը ներկա կողմերը խնդրի լուծման իրարամերժ տեսակետներ էին հայտնում, այնուհանդերձ, Գագիկ Բեգլարյանը տվեց հստակ հանձնարարություններ։ Դրա հիման վրա դիմեցինք նախագծային ընկերություններին, որոնք էլ մեզ առաջարկեցին կոնկրետ քայլեր` ըստ փուլերի։ Քանի որ առաջարկված ծրագիրը խորքային է խնդրի լուծման առումով և պահանջում է լուրջ ֆինանսական ներդրում, բնականաբար, միանգամից ամբողջապես իրականացնել հնարավոր չէ, ուստի աշխատանքները բաժանեցինք առաջնային և երկրորդային մասերի։ Սակայն, քանի որ քաղաքապետն իր բնավորությամբ անհամբեր է` խնդիրներին անմիջապես լուծում տալու առումով, մինչ նախագծի հաստատումը հանձնարարեց տեղայնացված ծրագիր մշակել հատկապես Մյասնիկյան պողոտայի, Աբովյան պուրակի տրանսպորտային գետնանցումի և Հերացի փողոցի համար։ Նկատեմ, որ ամենախոցելի հատվածները Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի ներքևի կամրջի հատվածներն են, որտեղ ջրի կուտակումներն այն աստիճանի են հասնում, որ մեքենաների պատուհաններից ներս են լցվում։ Սրա պատճառը ոչ միայն ռելիեֆային, այլև ջրահեռացման խնդիրներն են։ Քաղաքապետարանի կոմունալ և բարեկարգման վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրություն կատարեցին, և այժմ արդեն խնդիրը կարգավորված է։ Մասնավորապես, այդ հատվածում սելավատար խողովակները (որոնք 20 տարուց ավելի նորոգված չէին) փոխվեցին ավելի մեծ տրամաչափի խողովակներով։ Այստեղ սելավների հետևանքով աղբի կուտակումներ էին առաջացել, այն էլ այնպիսի, որ բետոնից կարծր էին։ Մեծացվեցին կլանիչ հորերը։ Աշխատանքի ավարտից հետո փորձարկումը դրական էր, և տեղացած հորդառատ անձրևները ևս փաստում են դրանց տարողունակության մասին։ Երկրորդ հանգույցը «Բելաջիո» ռեստորանի դիմացի և Մյասնիկյան փողոցի հատվածներն էին։ Այստեղ հեղեղատարի և անձրևակլանիչների խնդիրը շատ ավելի լուրջ էր ու խորքային, բայց մենք կարողացանք այս պահի դրությամբ լուծում տալ։ Նորակառույց թունելների մոտ հավաքված աղբը կոյուղատարներում, հորերում, այլ խողովակաշարներում մաքրվեց։ Ինչ վերաբերում է Գետառին, ապա դրա տարողունակության հետ կապված որևէ խնդիր չի եղել։
Բայց ամենաոգևորիչն առաջիկայում նախատեսվող նախագիծն է։ «Երևանջուր» ընկերությունն իրականացնում էր նոր ջրագծի անցկացում Բաբաջանյան փողոցից դեպի Ավան և Աբովյանի պուրակ տանող հատվածներում։ Դրանից ելնելով` քաղաքապետի հանձնարարությամբ մենք պահն օգտագործեցինք և որոշեցինք մասնակցել հեղեղատարների կառուցման աշխատանքներին։ Նախագիծն իրականացնում է «Հայգյուղշին» ընկերությունը։ Բոլոր անհրաժեշտ տեղերում պետք է կառուցվեն հատուկ տիղմածծիչներ, որոնք կկասեցնեն ավազի ներթափանցումը ջրահեռացման համակարգ։ Երկրորդ` Ավանի կամրջի, դեպի Նորքի զանգվածներ տանող կամրջի, «Բելաջիոյի» հարակից կամրջի հատվածներում կկառուցվեն նոր սելավատար խողովակներ»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց քաղաքապետի տեղակալ ՎԱՆՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Այլ կերպ ասած, աշխատանքներ իրականում կատարվել են, հակառակ դեպքում սելավները կապացուցեին, որ ոչինչ չի արվել, կամ էլ արվածն անորակ է եղել։ Համենայն դեպս, պետք է նկատի ունենալ, որ արդեն կատարված աշխատանքները տեղային բնույթի են, ինչը նշանակում է, որ շատ մեծ հույսեր հետագայի համար չի կարելի փայփայել։ Կարևորն այն է, որ ընթացքի մեջ է Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի բարելավման ամբողջական ծրագիրը։ Միջոցառումներն առաջարկվում են այն հաշվարկով, որ բացառվի Կոտայքի մարզի տարածքի սելավային ջրերի մուտքը Երևան։ Քաղաքապետի տեղակալի փոխանցմամբ` ծրագիրը պետք է իրականացվի վեց փուլով։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ